«Դեռ խոսք չկար ֆաշիզմի և հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում»: Գարեգին Նժդեհ

Ի պատասխան ռուս վերլուծաբանների հոդվածի http://vestikavkaza.ru/…/Pamyatnik-Gareginu-Nzhde-demarsh-A…

Ցավոք, ՌԴ Քաղաքական վերլուծությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկովը լավ ծանոթ չէ փաստական պատմությանը: Ուստի, կծանոթացնենք նրան և իր ընկերներին  այս հարցի բոլոր կետերին:

Այսպիսով, պ-ն Մարկով, Ձեր խոսքն այն մասին, թե  «Նժդեհը ղեկավարել է Հայկական լեգիոնը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ» պահանջում է ոչ թե «Մոսկվայի անհապաղ արձագանք դիվանագիտական ուղիներով», այլ՝ անհապաղ պատմական ակնարկ:

Նախ՝ Նժդեհը եղել է միակ քաղաքական և ռազմական գործիչն ամբողջ աշխարհում, որը ռազմական գործողություններից դուրս, թաքնվելու բազում հնարավորությունների առկայության պարագայում, կամավոր հանձնվել է սովետական իշխանությանը՝ Օսմանյան Թուրքիայի դեմ հետագա փոխշահավետ համագործակցության համար:

Ըստ պ-ն Մարկովի՝ «Համագործակցությունը գերմանական նացիզմի հետ և դրանով իսկ մասնակցությունը նրա հրեշավոր հանցագործություններին, այդ թվում՝ ռուս ժողովրդի ցեղասպանությանը՝ գերմանական նացիզմի կարևորագույն ձգտումներից մեկին, պետք է վերացնի ցանկացած արժանիք»: Ի գիտություն Ձեզ՝ Նժդեհն ու իր հրամանատարության ներքո գտնվող կամավորները երբեք չեն մասնակցել որևէ ռազմական գործողության՝ ուղղված ինչպես ռուս բնակչության, այնպես էլ՝ սովետական բանակի դեմ, որի շարքերում, ինչպես Ձեզ հայտնի է, կռվել են նաև բազմաթիվ հայեր: Ուստի, ոչինչ և երբե՛ք չի կարող ջնջել Նժդեհի մեծագույն հերոսականները, ինչը Ձեզ, հուսանք, պարզ կդառնա հոդվածն ընթերցելուց հետո՝ պարզ տրամաբանական եզրահանգումներ անելու պարագայում:
Ի պատասխան պ-ն Ռեմիզովի հետևյալ արտահայտությանը, որ «Երևանին անհրաժեշտ էր որևէ կերպ ի ցույց դնել իր դժգոհությունը Արցախի տարածաշրջանում վերջին էսկալացիայի ժամանակ Ռուսաստանի պահվածքով», նշենք, որ արձանի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռևս հինգ տարի առաջ:

Ծանոթացեք ներքոբերյալ փաստաթղթերին՝ պատմական ճշմարտության ամբողջական նկարագիրը կազմելու համար:

Փաստաթղթերի աղբյուր՝ «Գարեգին Նժդեհ — Բանտային կյանք, նամակներ, գրառումներ» գրքից (Երևան, 2016թ.), որտեղ տեղ են գտել նաև թարգմանություններ ռուսերենից  Հայկական ՍՍՀ պետ անվտանգության նախարարության առաջին (հետախուզական) բաժնի ղեկավարի տեղակալ Վաչե Հովսեփյանի՝ «Նժդեհը և ՊԱԿ-ը, հետախույզի հիշողությունները» («Нжде и КГБ, Воспоминания разведчика») գրքից:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի
նախագահին՝ քաղաքացի Կ. Ե. Վորոշիլովին
բանտարկյալ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանից

Հայտարարություն

Փակ նամակ

  1. Քաղաքացի՛ նախագահ, իմ հանդեպ թույլ է տրված բացահայտ ապօրինություն, որ երբևէ տեսնված չէ ազգերի պատմության մեջ: Մինչ այդ մասին խոսելը, անհրաժեշտ եմ գտնում մի քանի խոսք ասել, թե ինչպես ես ինքնակամ հայտնվեցի սովետական բանտում:
    Իմ ողջ կյանքը պայքար էր ֆեոդալական Թուրքիայի դեմ՝ մշակույթների և ազգերի պատմական դահճի դեմ:

Իմ ամբողջ գործունեությունը պայմանավորված էր Թուրքիայի նկատմամբ անդադար և արդար ատելությամբ, որը ոչնչացրել էր իմ ազգի կեսը:

Ես, որպես զինվորական, պրոֆեսիոնալ չեմ, այլ՝ հայրենասեր-հեղափոխական: …Այդ պատճառով թուրը վերցնում էի ձեռքս միայն այն ժամանակ, երբ հնարավորություն էր ստեղծվում հարված հասցնել Թուրքիային, որի գոյությունը ես համարել եմ և այժմ էլ համարում եմ չարիք: Իմ պայքարն ուղղված էր ոչ թե թուրք ժողովրդի, այլ իր պետության դեմ:

Ես մասնակցել եմ Թուրքիայի դեմ մղված հետևյալ կռիվներում.

1912թ. – Բուլղարիայի կամավորական ջոկատում:

1914թ. – Ռուսական դրոշի տակ կամավորական ջոկատի հետ:

1918թ. – ժողովրդական ուժերի հետ Կարաբեքիր փաշայի դեմ, ում զորքն օգտվելով Անդրկովկասում ռուս զորքերի բացակայությունից` ներխուժեց Բաքու:

1921թ. Զավալ և Նուրի փաշաների դեմ և այլն:

Անհաշտ պայքարը Թուրքիայի դեմ ես շարունակում էի նաև տարագրության պայմաններում` Արևմուտքում փոխարինելով սուրս գրչով: Իմ այդ հակաթուրքական գործունեության համար, ի նշան շնորհակալության, 12000 անդամ ունեցող հայ կանանց միությունը 1936թ. ընծայեց ինձ պատվո սուրը:

Ես միակ հայ քաղաքական գործիչն էի, որը պարբերաբար ենթարկվում էր թուրքական մամուլի հարձակումներին[1]:

Իմ պայքարում, իհարկե, ես պետք է համակրեի Թուրքիայի թշնամի հանդես եկող պետություններին և կրիտիկական վերաբերմունք ունենայի նրա հովանավորներին:

Ժամանակին ես քննդադատել եմ Սովետական Միության թրքամետ քաղաքականությունը, մինչ թուրք-սովետական պակտը չեղարկվեց: Այսօր Թուրքիան արևմտյան երկրների լկտիացած սիրելին է: Սա արդեն իսկ բավարար էր, որ ես ամբողջ հոգով գարշեմ նրանցից:

Ով Թուրքիայի հետ է` իմ ազգի և իր պատմական տարածքների իրավունքի թշնամին է: Թշնամի, որի հետ Աստվածն իսկ չի կարող ինձ հաշտեցնել: Այս է իմ քաղաքական վարվելակերպի սահմանումը:

  1. 1944թ., երբ Կարմիր Բանակն արդեն Ռումինիայում էր, ես, առաջնորդվելով պարտականության զգացումով, չմեկնեցի Սոֆիայից, չնայած այն բանի, որ հազարավորները լքում էին Բուլղարիան:

Ես մնացի, չնայած այն բանի, որ իբրև լրագրող ունեցել եմ գերազանց կարելիություն անցնելու Շվեյցարիա: Ես վճռեցի կրկնելու 1914թ. կատարած իմ հայրենասիրական քայլը, երբ լինելով Ռուսաստանից փախած քաղաքական էմիգրանտ` ներկայացա Սոֆիայում ռուս դեսպանին և խնդրեցի թույլ տալ անարգել վերադառնալ Ռուսաստան Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցելու համար:

1944թ. ղեկավարվելով նույն զգացումով`ես մնացի, որպեսզի առաջարկեմ սովետական զորքին իմ ուժերն ու հնարավորությունները Թուրքիայի դեմ պայքարում: Միևնույն ժամանակ բուլղար հասարակությունն ակնկալում էր, որ ռուսներն` օգտվելով իրենց հաղթանակից, կվերցնեն Կոնստանդնուպոլիսն ու Դարդանելը:

1944թ. սեպտեմբերի 9-ին սովետական զորքերը մտան Սոֆիա: Ես նամակ գրեցի գեներալ Տոլբուխինին: Այդ ժամանակհատվածում պարզ դարձավ, որ Անգլիան և Ամերիկան դեմ են Սովետների՝ Թուրքիան վերցնելուն, որի պարտության մեջ ես տեսնում էի Հայոց հարցի լուծումը:

Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 9-ին, ինձ կանչեցին սովետական դեսպանատուն և հայտնեցին, որ ես պետք է մեկնեմ Մոսկվա, որպեսզի անձամբ ներկայացնեմ իմ առաջարկը կառավարությանը:

Երրորդ օրը ինձ բերեցին Բուխարեստ, իսկ այնտեղից ինքնաթիռով Մոսկվա և … բանտարկեցին Լուբյանկայի բանտում: Այսպես սկսվեց իմ ողբերգությունը: Չորրորդ օրն ինձ տարան գեներալ Աբակումովի մոտ: Մեկ ժամ տևած խոսակցությունից հետո ես նրան ասացի. «Ղեկավարվելով բարձրագույն հայրենասիրությամբ` ես չհեռացա Սոֆիայից և այդ քայլով վստահեցի սովետական կառավարությանը իմ`Թուրքիայի դեմ մարտերում ալևոր դարձած հայրենասերիս ճակատագիրը»:

Այնուհետև ես մատնանշեցի իմ ազնվական արարքի և բանտարկության անհամատեղելիությունը:

«Այս հարցով մենք դեռ կզրուցենք»,- պատասխանեց գեներալը:

Տեղեկանալով բանտակիցներիցս, որ կալանավորները հարցաքննության ժամանակ ենթարկվում են հրեշավոր կտտանքների, ես իմ քննիչի` մայոր Պուտինցևի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ զգուշացրի նրան, որ իմ նկատմամբ նվազագույն իսկ ֆիզիկական բռնության դեպքում իմ կողմից կհետևի համարժեք պատասխան, և նա ստիպված կլինի սպանել ինձ:

«Ա~խ, այդպե՞ս,- բացականչեց նա,- Դուք խոսում եք այնպես, իբրև թե չեք գտնվում Պետական Անվտանգության Նախարարությունում»:

Ես նրան հայտնեցի, որ ծեր հեղափոխականի սեփական արժանապատվության զգացումը չի լքի ինձ և ոչ մի պարագայում:

«Շատ լավ… կարծես Ձեր հարցով ստիպված կլինենք երկար զբաղվել»:

Վերադառնալով իմ բանտախուցը՝ հայտնաբերեցի, որ իմ իրերը տեղափոխված են մեկ այլ մահճակալի վրա, որը տեղակայված էր անմիջապես դռան կողքը, իսկ ներքնակը փոխարինված էր դատարկ պարկով: Դա վկայում էր իմ հանդեպ հասունացող ինկվիզիցիայի մասին: Սկսվեցին ամենասարսափելի կտտանքները, որ կարող է հնարել միայն սադիստական միտքը: Որպեսզի կարողանան տեսնել փակ են աչքերս, թե ոչ, ինձ արգելեցին ակնոց և գլխարկ կրել: Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ հնչում էր հերթապահի սպառնագին գոչյունը՝ «Քնա՞ծ եք»: Ցերեկը ինձ չէր թույլատրվում ո՛չ պառկել, ո՛չ ննջել: Այսպես ես ստիպված էի ամբողջ օրը նստել մահճակալին, հայացքս՝ դռան դիտանցքին, ընդարմացած վիճակում:

Որպեսզի ինձ զրկեն քնից, հարցաքննության էին կանչում գիշերները և դիտավորյալ պահում մինչ լուսաբաց: Ինձ հարցեր տալու և պատասխաններս գրառելու ընթացքում մայոր Պուտինցևն ինքն էր հորինում արձանագրությունները և ինքն էլ կարդում էր դրանք (իմ ակնոցները չէին տալիս ինձ): Նա ակնհայտորեն խեղում էր փաստերը և խաբեությամբ փոխում իմ վկայությունների իմաստը:

Որպեսզի թուլանա իմ զգոնությունը, նա դիմեց սոփեստության՝ հայտարարելով, թե «Արձանագրությունը կազմված է իմ խոսքերից:» չի նշանակում, որ այդ բառերը պատկանում են կալանավորին, այլ որ այդպես է հասկացել քննիչը:

Նա վստահեցնում էր, որ համաձայն սովետական օրենսդրության՝ նախնական ցուցմունքները չունեն վճռորոշ նշանակություն, որ ես իրավունք ունեմ անձամբ, կամ իմ փաստաբանի միջոցով ստուգել իմ ցուցմունքները: Չհավատալով նրան` ես բազում անգամ հանդիպում խնդրեցի դատախազի հետ, որ իրենից որոշակի պարզաբանումներ ստանամ:

Խնդրեցի նաև կոնտակտներ ղեկավարության ներկայացուցիչների հետ: Բայց ամեն անգամ քննիչը պատասխանում էր. «Ես ինքս եմ թե՛ դատախազը, թե՛ ղեկավարությունը»: Մինչ արձանագրությունն իմ կողից ստորագրելը իմ երկրորդ քննիչը՝ մայոր Շիշկովը, միտումնավոր սկանդալներ էր սադրում և, դրանից օգտվելով, դիմում խարդախության: Նա տալիս էր ինձ կարդալ մի թերթիկ, սակայն ստորագրելու մեկ ուրիշը՝ կեղծը: Ես արդեն վաղուց է, ինչ նկատել էի, որ նա փոխում է թերթիկները: Մի անգամ իմ հարցին, թե ինչու է նա արձանագրությունները կազմում երկու օրինակով, պատասխանեց. «Դա իմ գործն է»: Համակված զայրույթով՝ ես անվանեցի նրան խաբեբա: Նա բորբոքվեց, սկսեց հայհոյել, սպառնալ և մոլեգնած ասաց.

«Ձեր պահվածքը բոլորովին այլ կլիներ, եթե Դուք իմանայիք, որ մենք ոչնչացնում ենք մեր հակառակորդների ընտանիքները... Գիտցե՛ք դա»: Սա ասելով` նա հեռախոսով կանչեց ավագ-լեյտենանտին, ինչ-որ բան ասաց ու դուրս եկավ սենյակից: Խնդրեցի կանչել դատախազին: «Կարիք չկա», — պատասխանեց լեյտենանտը:

Ես բարձր ջերմություն ունեի և ահավոր հոդացավեր: Բժիշկ խնդրեցի, չկանչեցին: Նյարդային ծայրաստիճան լարվածությունից կորցրեցի գիտակցությունս: Այս անգամ տանջանքներս տևեցին 19 ժամ:

Իմ քննիչները՝ Պուտինցևը և Շիշկովը, դիմեցին այնպիսի հոգեբանական մեթոդների, որոնք որոշ տեսակ թույների պես գործում են կրկնակի ընդունումից հետո: Մի հերթական միտումնավոր հրահրված սկանդալից հետո, նա ասաց ինձ.

«Ես հասա իմ նպատակին. որոշված է կտրել Ձեր լեզուն: Թե երբ, չեմ ասի, բայց շուտով Դուք կմնաք առանց լեզու և կսկսեք ողջ-ողջ քայքայվել բանտում»: Սրա համար ես անվանեցի նրան թուրք. ինչպես միշտ մենք փոխանակվեցինք միմյանց հանդեպ մեղադրանքներով: Նա շարունակեց իր սպառնալիքները.

«Խոստանում եմ Ձեզ հասցնել խելագարության, որից այդքան սարսափում եք»: Նրանից օղու հոտ էր փչում: Ասացի, որ չեմ ցանկանում զրուցել նման քննիչի հետ և խնդրեցի բաց թողնել ինձ:

«Կթողնեմ, երբ կամենամ»:

Այսպես էր հեգնում հիվանդ քաղբանտարկյալիս քննիչ Շիշկովը:

Արժե՞ արդյոք շարունակել իմ տառապանքների մասին պատմությունը: Ո՛չ, որովհետև դրա համար ուժ չկա: Իմ գործը իմ քննիչները խեղաթյուրում էին սիստեմատիկ կտտանքների միջոցով, կոպիտ կեղծարարությամբ և փոխադարձ վիրավորանքներով: Նման թշնամական փոխհարաբերությունների առկայության դեպքում հնարավո՞ր է արդյոք տարրական օբյեկտիվություն: Ո՛չ, նման հոգեբանական մթնոլորտում քննիչը չի կարող օբյեկտիվ լինել: Նրանք ինձ պահեցին այնպիսի դժոխային պայմաններում, որ մեկ տարվա ընթացքում գերազանցապես առողջ մարդուս վերածեցին կենդանի փլատակի: Հիվանդացա հիպերտոնիայով, խիստ բարձր արյան ճնշումով: Տեսողությունս այն աստիճան վատացավ, որ ամեն ինչ սկսեցի տեսնել մշուշի մեջ: Մի ականջս խլացավ: Հոգեվիճակս ավելի ծանր էր: Ես խելագարվում էի` մտովի պատկերելով իմ միակ յոթնամյա որդու դիակը: Սարսափելով կիսամեռությունից՝ կաթվածից կամ ցնորությունից, ես ձգտում էի մահվան, բայց և մերժված էի այդ «գթասրտությունից»: Այսօրինակ տառապանքներից հետո, որ հավասարազոր է ճապոնական «100 մահվան» կտտանքներին, առաջին տարվա վերջում այս վիճակով ինձ փոխադրեցին Երևանի բանտ:

Թեև գիտեի, որ քաղաքական հոգեբանությունը վճռապես մերժում է օբյեկտիվ վերաբերմունքը դեպի մարդը, ով համարվում է հակառակորդ, այնուամենայնիվ ապշած էի քննչական կամայականություններից, որ տիրում էին Երևանում: Շատ չանցած ես համոզվեցի որ Մելքումյանը Շիշկովից տարբերվում է լոկ աստիճանով ու տակտով, բայց ոչ որակապես: Այն, ինչ իմ հանդեպ թույլ տվեցին Երևանում, արդարադատության մի խախտում էր, որ դուրս է օրենքի բոլոր սահմաններից: Առաջին իսկ օրը բանտապետի սենյակում ՀԽՍՀ ՊԱՆ ներկայացուցիչը փոխանցեց ինձ նախարարի այն հրամանը, որ ես իրենց բանտում կոչվելու եմ ոչ թե Նժդեհ, այլ Տեր-Հարությունյան: Իմ հարցին, թե ինչ է սա նշանակում, նա պատասխանեց.

«Այն, որ Ձեզ չի թույլատրվում կրել Նժդեհ անունը»:

Այդժամ ես ասացի. «Փոխանցեք նախարարին, որ ես գերեզմանում իսկ կմնամ Նժդեհ»: Երրորդ օրն ինձ տարան փոխնախարարի մոտ:

Ես ընդդիմացա նախարար Ղրիմյանի հրամանին: Նա փորձեց արդարացնել իր ղեկավարին, թե նրա համոզմամբ քաղաքականապես նպատակահարմար չէ, որ թուրքերն իմանան Երևանում իմ գտնվելու մասին: Մեկ շաբաթ անց ինձ տարան նախարարի մոտ: Ես կրկնեցի իմ բողոքը կապված իր անօրինական հրամանի հետ:

— Նախարարը գիտի, թե ինչու է այդպես վարվում»- ասաց նա:

— Ինչպես տեսնում եմ, Ձեզ ընդհանրապես չի անհանգստացնում կենդանի թաղված հայ հայրենասերի ուրվականը, քաղաքացի՛ նախարար: Իմ հանդեպ նման վերաբերմունքով Դուք ընդամենը կուրախացնեք թուրքերին:

— Նույնիսկ բանտում Դուք մնացել եք նույնը, ինչ ազատության մեջ: Դա լավ չէ… Ձեզ համար:

Խոսել բարոյական արժանապատվությամբ ինձ սովորեցրել են ցարական դատարանը և ցարական բանտը,- պատասխանեցի ես:

— Ձեզ տրվում է երեք օր, մտածե՛ք: Մեր բանտում Դուք վտանգի տակ եք դնում Ձեր կյանքը:

— Դուք չափազանց մեծահոգի եք: Ես ժամկետների կարիք չունեմ: Ուր նախարարը սպառնում է կացնով, խոսք կարող է լինել միայն դահճի և նրա զոհի մասին: Այս իսկ պահից ես, մեկը նրանցից, ովքեր 1918թ. ղեկավարում էին գրեթե անզեն ժողովրդին թուրքական հորդաների դեմ, ով ստեղծեց Հայկական Պետականություն, հայտարարում եմ ինձ նահատակ: Բայց գիտցե՛ք, որ կացինը ուժ չէ, այլ տկարության և բռնության գործիք:

Այս երկխոսությունից հետո ես վերադարձա իմ մենախուցը, հրաժարվեցի սննդից, բուժօգնությունից և համակերպվեցի նահատակի իմ կարգավիճակին: Հինգերորդ օրն ինձ կրկին տարան փոխնախարարի մոտ:

-Մենք,- ասաց նա,- չենք պատրաստվում դատել Ձեզ. Ձեզ կհարցաքննեն լոկ պատմական էքսկուրսի նպատակով: Ձեզ կհարցաքննի մայոր Մելքումյանը:

Հնչեցնելով այն միտքը, թե հեղափոխականն, որը քննության կամ դատի ժամանակ թաքցնում է իր գործունեության հետ կապված գոնե մեկ փաստ, պատվազրկում է իր անունն ու անցյալը, ես սկսեցի պատասխանել հարցերին: Գրեթե բոլոր հարցաքննություններին ներկա էին փոխնախարարն ու Մելքումովը, ովքեր կազմում էին հարցերի մեծ մասը: Նրանք այնչափ էին խեղաթյուրում մեր օրերի երևույթները, որ ես տեղին համարեցի այստեղ ևս իրերը կոչել իրենց անուններով.

— Դուք կեղծում եք պատմությունը, իսկ դա նշանակում է, որ ցանկանում եք ամեն գնով ինձ վրա շինծու գործ հարուցել:

Ինձ ցույց տվեցին մի կեղծված փաստաթղթի ֆոտոպատճենը, ես խնդրեցի ցույց տալ բնօրինակը, մերժվեցի: Ես առերեսում խնդրեցի, բայց ինձ մերժեցին նաև այդ հարցում: Ես պահանջեցի հետաքննություն անցկացնել իմ վկա Խոյլունցի սուտ մատնությունը բացահայտելու համար, բայց Մելքումյանը ժպտալով պատասխանեց՝ «Իրեղեն ապացույցները վաղուց է, ինչ հող ու մոխիր են դարձել»:

Հավատարիմ իմ սկզբունքերին՝ ես չէի պաշտպանվում քննության ընթացքում, քանզի ողջ կյանքում չեմ լծվել մի գործի, որը կարիք ունենար բարոյական պաշպանության: Ես ընդդիմացել եմ միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերվել է այլ անմեղների:

Իմ հանդեպ կիրառվում էին միջնադարյան մեթոդներ: Ինձ սպառնում էին վերացնել ընտանիքս: Ամբողջ չորս տարի պահել են սարսափի մեջ, թե կկտրեն լեզուս: Ինձ ապօրինաբար զրկեցին հարազատ եղբորս ու դստերս հետ նամակագրությունից, ովքեր բնակվում են Սովետական Միությունում, ինձ արգելվել է կրել իմ անունը: ՀԽՍՀ ՊԱՆ-ում «անհետացան» իմ 7 տետրերը («Փիլիսոփայական մտածումների գիրքը»): Վերջապես իրենց պղտոր գործողությունները սքողելու համար, ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում, ինձ հայտարարեցին մեռած:

1946թ. Երևան են տեղափոխվում հայ գործիչների մի խումբ՝ Ղազարյան, Սիրունի, Ղազարոսյան, Դևեջյան և այլք` Թուրքիայի դեմ օգտագործվելու նպատակով: Նույն նպատակով էլ ցանկանում էին օգտագործել նաև իմ հնարավորությունները:

ՀՊԱՆ խնդրանքով իմ կողմից կազմվեց հակաթուրքական գործունեության մի քանի նախագիծ: Հետո նույն նախարարության խնդրանքով ես գրեցի մի մեծ մենագրություն «Թուրքը որպես մարտիկ, հրամանատար և քաղաքական գործիչ»:

Բնական է, որ նման իրավիճակում ես թույլ չէի տա, որ ինձ հարցաքննեն ինձ վրա քրեական մեղադրանք բարդելու նպատակով: Բայց ինձ դատապարտեցին` պատճառաբանելով իրենց արարքը (իրենց իսկ խոսքերով ասած), թե միջազագային դրությունը անսպասելիորեն փոխվել է: Այսպես ես դարձա, հիմնապես, քաղաքականության զոհ, իսկ մասնավորապես`Բերիայի օրգանների շանտաժի, խաբեության ու զրպարտության զոհ:

Ինձ դատապարտեցին Զանգեզուրի պաշտպանության համար՝ չունենալով ոչ բարոյական, ոչ օրինական իրավունք, քանի որ դեռևս 1921թ. Սովետական Հայաստանի Կառավարության հռչակագրով ինձ համաներում էին շնորհել: 1921թ. գարնանը Սիսիանում հանդիպել էին Սովետական Հայաստանի և Ինքնավար Զանգեզուրի ներկայացուցիչները և համաձայնության եկել, որից հետո Հայաստանի 5 Ժող. կոմիսարի ստորագրությամբ «Խորհրդային Հայաստան» պաշտոնական մարմնում հրապարակվեց Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի անբաժան մասը ճանաչող հռչակագիր:
Այդ նույն Հռչակագրով ներում էր շնորհվել Զանգեզուրի պաշտպանության բոլոր մասնակիցներին: Այսպես Զանգեզուրի գործը հանձնվեց պատմության արխիվին: Չարանենգությամբ արմատապես խեղաթյուրվել է Զանգեզուրի պաշտպանության ամբողջ պատմությունը, կեղծված է իրադարձությունների ժամանակագրությունը: Պաշտպանությանը վերագրված է նպատակ և բնույթ, որոնք բացարձակապես օտար էին նրան: Երկու փաստաթղթի լույսի ներքո պարզ է դառնում ինչպես իմ ղեկավարած պաշտպանության նպատակը, այնպես էլ բնույթը: Խոսելով Թուրքիայի մասին` Հայաստանի Կոմկուսի պաշտոնական Մարմինը հաստատում է, թե «Քեմալականները ագրեսիվ նվաճողական պատերազմ էին տանում Հայաստանի դեմ (N28 1952թ)»: Այո, Թուրքիան Հայասատանի Հանրապետության գոյության առաջին իսկ օրերից ձգտել է ոչ միայն խոչընդոտել նրա զարգացումը, այլև սպառնալիքի տակ է դրել հայ ազգի ֆիզիկական գոյությունը: Ահա այս նպատակով էր, որ թուրքական հայտնի զորամասերը շարունակում էին մնալ Կովկասում՝ Օրդուբադում, Նախիջևանում, Շուշիում:

Հայտնի է, որ 1919թ. Էդիֆ բեյի թուրքական ջոկատը Գողթանում (Ագուլիս) Հայերի սպանդ է իրագործել: Այդ բարբարոսական արարքը դարձավ չարագույժ նախանշան այն բանի, որ Լեռնահայաստանի բնակչությունը իրական սպառնալիքի տակ է:

Նույն տարվա ամռանը ադրբեջանական զորքը պանթուրքիստների ղեկավարությամբ փորձեց ջախջախել Զանգեզուրը՝ իրականացնելու տարածքային կապը Թուրքիայի և Անդրկովկասի մահմեդականության միջև:

«Սովետական գիրքը» (Մոսկվա 1951թ.) ցիտելով թուրքական «Չինար Ալթի» թերթից գրում է. «Թուրքերը մոտ ժամանակներս կստեղծեն մեծ Թուրքիան, որի մեջ կմտնեն՝ Դաղստանը, Ղրիմը, Կազանը, Կովկասը» (էջ 58): Այսպիսով, թուրքերը, օգտվելով Անդրկովկասում ռուսների բացակայությունից, ձգտում էին իրականանցնել իրենց պանթուրքական երազանքները: Այդ ճանապարհի խոչընդոտը հայությունն էր, կանգնած ընտրության առաջ՝ կամ պաշտպանվել, կամ գլխովին ոչնչանալ: Հաստատվելով Ագուլիսում և իրագործելով հայության սպանդը՝ Էդիֆ բեյը իրականացրեց մնացյալ հայկական գյուղերի շրջափակումը:

Գողթանցիները օգնություն էին խնդրում: Հայաստանի ողջ բնակչությունն անհանգստացած ու տագնապած էր և պահանջում էր արագացնել օգնությունը Գողթանին: Ահա թե ինչու 1919թ. ամռանը Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց ուղարկել ինձ Զանգեզուր: Ինչպես տեսնում եք, ես հայտնվեցի Զանգեզուրում Կարմիր Բանակի այնտեղ ներխուժումից 1 տարի առաջ: Ամբողջ 1919թ. ու 1920թ. առաջին կեսի ընթացքում Զանգեզուրը հերոսաբար ետ էր մղում թագաժառանգ արքայազն գեներալ Քաջարի, գեներալ Մեհմենդարովի, Նուրի փաշայի և այլոց զանգվածային գրոհները: Այն օրերին, երբ Կարմիր բանակը հաստատվեց Բաքվում, «Ադրբեջանական ուժերի 95 տոկոսն ուղարկվեց Զանգեզուր՝ իբրև վարձկաններ»: Այս պատմական փաստը հաստատում է Ադրբեջանի պառլամենտի նախագահ Ագաևը Էնվեր Փաշային ուղղված նամակում՝ տպագրված արտասահմանյան «Պրոմեթեյ» ամսագրում: Հասկանալի պատճառներով ռուսների Անդրկովկասում հայտնվելը ուրախացրեց միայն հայությանը, ում վրա կախվել էր նոր եղեռնի սպառնալիքը:

Բայց Ադրբեջան հրավիրված թուրք պատվիրակներ Էնվեր Փաշայի, Խալիլ Բեյի և այլոց մեքենայությունների շնորհիվ 11-րդ բանակի հրամանատարությունը Զանգեզուրը հռչակեց Ադրբեջանի մաս, ինչը և տարաձայնությունների առիթ հանդիսացավ 11-րդ բանակի հրամկազմի և Զանգեզուրի բնակչության միջև, որը չէր կարող հաշտվել իր տարածաշրջանի կորստի հետ, որ հազարամյակներ շարունակ թե՛ պատմականորեն, թե՛ էթնիկապես պատկանել է Հայաստանին:

Թույլ էր տրվել էլ ավելի ճակատագրական սխալ: 1920թ. աշնանը Բաքվից Զանգեզուր ժամանեցին թուրքական հորդաները Զավալ Փաշայի հրամանատարությամբ: Թուրք զորքերի հայտնությունը գյուղացիության շրջանում խիստ վրդովմունք առաջացրեց: Թուրք ասկյարները, հավատարիմ իրենց ոհմակային էությանը, սկսեցին թալանել և սպանել խաղաղ բնակչությանը:

«Զանգեզուրը դարձել է Թուրքիա:»- գրում էին ինձ Գորիսից և Տաթևից: 1920թ. ձմռանը Զավալ Փաշայի զորամասերը գրոհեցին Սիսիանը: Իմ ժողովրդական կամավորները դուրս եկան թուրքերի դեմ: Տաթևի վանքի մոտակայքում տեղի ունեցած մարտում թուրքերը կրեցին աղետալի պարտություն և լքեցին Զանգեզուրը: Զավալ Փաշայի վրա տարած հաղթանակից հետո Զանգեզուրը հռչակվեց ինքնավար շրջան և ղեկավարվում էր իր ժողովրդական կառավարության միջոցով:

Այս իրողություններից քառորդ դար անց Բերիայի օրգանները Զանգեզուրյան ողբերգական պատմության պղծումով և ոմն Խոնունցի կեղծ վկայության շնորհիվ, մարտում սպանված ասկյարների դիակները ներկայացրին իբրև մարտից դուրս սրի քաշված գյուղացիություն: Այս նենգ առասպելի արդյունքում տուժեցին հարյուրավոր անմեղ գյուղացիներ: Այս դեպքի հետ կապված 11-րդ բանակի հրամանատարության անունից Գեկերն ինձ գրում է.

«Թուրքական գումարտակները Զանգեզուր ուղարկելու համար մենք, իհարկե, մեզ չենք ողջունում: Բայց ո՞վ կարող էր պատկերացնել, որ թուրքերը կարմիր դրոշի ներքո զենք կբարձրացնեն գյուղացիության վրա»: Գեկերի ազնվությունը պատիվ է բերում սովետական հրամանատարությանը. Նա չի ողջունում թուրքական գումարտակների ուղարկումը Զանգեզուր, այսինքն ընդունում է իր սխալը` դարձյալ թույլ տրված Էնվերի և այլ թուրք փաշաների սադրիչ իղձերի ազդեցության տակ, ովքեր համբուրվում էին Զինովևի հետ արևելյան ժողովուրդների Կոնգրեսում:

Ռեզյումե

Զանգեզուրի պայքարը կրում էր բացառապես ինքնապաշտպանական բնույթ: 1919թ. Զանգեզուրը պաշտպանում էր իր ֆիզիկական գոյությունը, քանի որ «քեմալականները վարում էին ագրեսիվ-զավթողական պատերազմ Հայաստանի դեմ» (Հայաստանի կոմկուսի պաշտոնական օրգան): 1920թ. Զանգեզուրի գյուղացիությունը ձգտում էր իր տարածքի միավորմանը Սովետական Հայաստանին: Ինչպես ինձ, այնպես էլ մեր գյուղացիությանը խորթ էին գաղափարաբանական բաժանումն ու խտրականությունը:

Զանգեզուրի պաշտպանությանը միտումնավոր տալ գաղափարական և դասակարգային որակում, նշանակում է անարգել հայ ժողովրդի դարավոր ողբերգությունը: Մի ժողովուրդ որին բաժին է ընկել թուրք հարևան, թույլ չի տա իրեն գաղափարաբանական տարանջատումներ:

  1. Իմ և 11-րդ բանակի հրամանատարության միջև տեղի ունեցած թյուրըմբռնումը պայմանավորված էր պանթուրքիստների պրովոկացիոն մեքենայություններով:
  2. Իմ ժողովրդական վաշտերից ես պահանջել եմ գերագույն բարոյականություն, անգամ դեպի մուսավաթականները և թուրքերը, որոնք փորձում էին բնաջնջել հայությունը: Իմ բոլոր հրամաներում ասվում էր. «Մա՛րդ եղեք դեպի անզենը»: Ցանկության դեպքում այս իմ պնդումը կարելի է ճշտել իմ գրքերում, որ գտնվում են ՀԽՍՀ ՊԱՆ-ում: Ահա ճշմարտությունը Զանգեզուրի մասին: Մնացյալը բերիական զրպարտություններ են, հերյուրանքներ, պրոպագանդիստական նյութեր, որոնք որևէ ընդհանրություն չունեն Զանգեզուրի պատմության հետ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը, իմանալով գերմանացիների դեպ հայությունը տածած հակակրանքի մասին, անհանգստացած էին այն բանով, թե գերման հրամանատարությունը, այս անգամ ի օգուտ Թուրքիայի, կարող է դրդել թուրքերին հայության մի նոր ջարդի: Այս մասին խոսում է «Գյորինգի կանաչ թղթապանակը» (հրատարակված սովետական կառավարության կողմից պատերազմից հետո), որտեղ գերման հրամանատարությանը հաղորդվում է գերմանացիների հանդեպ հայության հակակրանքի մասին. գերմանական մամուլը ակնհայտորեն տրամադրվում էր հայության դեմ:

«Winner tageblat»-ը արդարացնելով Առաջին աշխարհամարտի ժամանակ 2 մլն. հայերի կոտորածը, հոգեբանորեն նախապատրաստում էր նորը: Որպեսզի արդարացնեն հայության հանդեպ հետապնդումները գերման ռասոլոգները նրանց վերագրում էին «ոչ արիական ժողովուրդների» կարգավիճակ: Հայության համար այդ խիստ վտանգավոր իրավիճակում «Բուլղար-հայկական մշակութային մերձեցման կոմիտեն» որոշեց նորանոր աղետներից խուսափելու համար դիմել Ռեյխի արտգործնախարարությանը: Կազմվեց հուշագիր, ստորագրված լավագույն բուլղար մտավորականների կողմից: Սոֆիայում, գերմանական դեսպանատանը, մեզ ասացին, որ նպատակահարմար կլիներ, եթե մեր կոմիտեն Բեռլին ուղարկեր պատվիրակություն՝ հանձնելու մեր հուշագիրը: Այս առաքելությունը Կոմիտեն հանձնարարեց ինձ: Բեռլինում պայմանականորեն խոստացան դադարեցնել հայերի հետապնդումները, եթե մենք մեր հերթին իրենց մատուցենք հայտնի ծառայությունը: Պարզվեց, որ նրանց անհրաժեշտ են մարդիկ, որոնք քաջածանոթ են Սպիտակի ու Մարմարի ափամերձ տարածքին:

Ես խոստացա տրամադրել նրանց եվրոպական Թուրքիայից ներգաղթյալների: Մեր Կոմիտեի կոչին արձագանքեց 30 կամավոր: Նրանց մի մասը անմիջապես սկսեց գործել Բուլղարիայի և Թուրքիայի միջև գտնվող չեզոք գոտում, ինչպես նաև Ստամբուլում, իսկ մնացածը Դոկտոր Ասատրյանի հետ միասին մեկնեցին Խոխեն-Բինդե: Նրանց պետք է իջեցնեին եվրոպական Թուրքիա, Գերմանիայի այնտեղ ներխուժման նախօրեին:

Այն փաստը, որ Գերմանիա ժամանած բոլոր կամավորները բացառապես եվրոպական Թուրքիայի թրքահայեր էին (չնայած այն բանի, որ Սոֆիայում գոյություն ուներ «Բարեգործ ռուսահայերի եղբայրություն», որի հիմնադիրն ու ներկայացուցիչը ես էի), որ նրանց ամբողջ մեկ տարի պահեցին Գերմանիայում Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների սպասումով, վերջապես այն որ իմ միջնորդությամբ նրանց 1943թ. վերադարձրին Բուլղարիա — բոլոր այս փաստերը անհերքելիորեն ապացուցում են, որ մեր Կոմիտեի նախաձեռնությունը կրում էր բացառապես հակաթուրքական բնույթ:

Ճիշտ է, մեր մարդկանց ժամանակավորապես տեղափոխեցին Ղրիմ, բայց դա արվել էր ոչ Սովետական Միության դեմ օգտագործելու նպատակով, այլ, ինչպես գերմանացիներն էին ասում, որպեսզի մեր մարդկանց զբաղեցրած շինությունները տրամադրեն այլ խմբավորումների: Իսկ իմ հակաթուրքական ճառե՞րը, որ ես արտասանեցի Խոխեն-Բինդե իմ այցելության ժամանակ, որոնք ականատեսներն իրենց ցուցմունքերում մատնացույց են անում: Իսկ Դոկտոր Բուրևի ցուցմու՞նքը, որ ես մեկնել եմ Բեռլին և ապրել այնտեղ իմ միջոցներով: «Կոնկրետ ի՞նչ հակասովետական գործունեության մեջ եք մեղադրում իմ մարդկանց» իմ հարցին ինձ պատասխանեցին. «Ոչ մի: Միայն նրանում, որ նրանք եղել են Ղրիմում»: Ստացվում է` իմ մարդկանցից էր կախված, թե որտեղ նրանք գտնվեն: Եվ այսպես, ի փառս Բերիական անօրինականությանը, ձերբակալվեցին և դատապարտվեցին մոտ 50 բացարձակապես անմեղ հայեր Բուլղարիայից: Նրանք, ովքեր դատեցին ինձ, հաշվի չառան թե Զանգեզուրում, թե տարագրության մեջ իմ բարոյական, առաքինի հայրենասիրական մղումները:

Իմ քաղաքական հեղինակությունը երբևէ կասկածի տակ չի դրվել անգամ իմ երդվյալ թշնամիներ կողմից: Զանգեզուրի ինքնապաշտպանության ծանր օրերին իմ մտքով իսկ չի անցել դիմել որևէ օտար, հակասովետական պետությանը: Իսկ 1942թ. որպեսզի հնարավորություն ունենամ մեկնելու Բեռլին՝ հանձնելու հայությանը նվիրված հռչակագիրը, ես ստիպված եղա վաճառել պատվո սրի վրայի ոսկին, որ հազարավոր հայ մայրերի կողմից նվիրաբերվել էր ինձ հակաթուրքական գործունեության համար: Հաշվի չէին առնվել նաև երկու ծառայություն, որ մատուցել էին իմ աշխարհազորայինները Սովետական Ռուսաստանին.

ա) «Կարմիր Բանակի կողմից Բաքուն գրավելու ժամանակ մուսավաթական ուժերի 95 տոկոսը ուղարկվել էին Զանգեզուր հայերի դեմ» (մեջբերում Ադրբեջանի պառլամենտի նախագահ Ագաևի Էնվեր փաշային ուղղված նամակից, հրատարակված արտասահմանյան «Պրոմեթևս» ամսագրում):

բ) Զանգեզուրի պատշտպանության շնորհիվ պանթուրքիստներին չհաջողվեց տարածքային կապ ստեղծել Թուրքիայի և Անդրկովկասի մահմեդականության միջև:

Քաղաքացի՛ նախագահ,

Արդեն տասը տարի է, ինչ ես կենդանի թաղված եմ Բերիայի օրգանների կողմից: Ես և՛ ողջ եմ, և՛ մեռած, ես ողջ եմ լեֆորտովյան, Բաքվի, Երևանի և Վլադիմիրի բանտերի ադմինիստրացիայի համար, բայց մեռած` իմ որդու համար: Ո՞ղջ է արդյոք իմ միակ որդին: Սա բանտային գերեզմանից արձակված հայրենասերի ճիչ է, որը կրում է տառապանքի ողջ ծանրությունը: Ո՞ղջ է արդյոք իմ ընտանիքը:

Երբ ինձ զրկեցին արդարադատության վերջին հնարավորությունից, ես վերջնականապես համոզվեցի, որ բոլոր իմ մտերիմներին բաժին է հասել այն ճակատագիրը, որով ինձ սպառնում էին Շիշկովներն ու Ղրիմյանները:

Մի ամբողջ տասնամյակ ես, ի ուրախություն թուրքերի և բերիականների, կրում եմ հայրենասեր-նահատակի ահավոր տառապանքները, զրկանքները, ամեն րոպե սպասելով մահապատիժներից ամենասարսափելիին՝ խեղդամահությանը: Ո՞ղջ է արդյոք որդիս: Այս ողբերգական հարցն ուղղված է Լենինի աշակերտների և Սովետական միության 200 մլն բնակչությանը: Եթե իմ հարազատները ողջ են, ինչու՞ են ինձ արգելում օրինական իրավունքով նամակագրությունը եղբորս և դստերս հետ, որոնք բնակվում են Սովետական Հայաստանում:

«Մի՛ ստեղծեք նահատակներ» — զգուշացնում էր Մ. Գորկին: Այո՛, նահատակները վտանգավոր են: Նրանց ուրվականները հետապնդում են մարդկության խիղճը: Նահատակությունից կերտելով առեղծված` հայ բերիականները ցանկանում էին ներշնչել սփյուռքահայությանը, որ ինձ սպանել է սովետական իշխանությունը: Սրանից տրամաբանորեն բխում է, որ պետք է ոչնչացնել այն ամենը, ինչ կրում է բերիական կնիքը, որ պետք է դադարի գործել շանտաժի, ստի և զրպարտության ոգին («Պրավդա» թերթի խոսքերից):

Խնդրում եմ Ձեր օրգաններին հրահանգել հետաքրքրվել իմ ճակատագրով: Իմ առողջական վիճակը աղետալի է, և օգնության կարիք ունեմ: Գուցե դատախազության օրգանները, հաշվի առնելով իմ ճակատագրի բացառիկությունը, անհրաժեշտ համարեն արտահերթ վերանայել իմ գործը, անշուշտ, ունկնդրելով նաև ինձ:

Խնդրում եմ նաև

ա) Թույլ տալ ինձ գեթ մեկ անգամ գրել իմ ընտանիքին և պատասխան ստանալ՝ համոզվելու համար, որ որդիս ողջ է:

բ) Հրահանգել, որ ինձ տրամադրեն իմ եղբոր՝ Լևոն Եղիշեի Տեր-Հարությունյանի և նրա կնոջ ՝ Փառանձեմ Տեր-Հարությունյանի հասցեները, ովքեր բնակվում են Թբիլիսիում:

Հ.Գ.

Խնդրում եմ, պարո՛ն նախագահ, հաշվի առնել այն, որ ՀԽՍՀ ԱԱՆ նախկին աշխատակիցները չեն կարող օբյեկտիվ գտնվել իմ նկատմամբ: Նրանք ունակ են հնարել հազար ու մեկ կեղծ մոտիվներ և պատճառաբանություններ, որպեսզի թույլ չտան «հարություն» առնել մի մարդու, ում դավադիր նպատակներով հայտարարել են մեռած:

1954թ. փետրվար 26

Նույնը (Նժդեհ)

***

ԽՍՀՄ նախարարների Խորհրդի Նախագահ Ստալինին[2]

Կրկնօրինակները` ԽՍՀՄ Պետանվտանգության Նախարար Գեներալ Աբակումովին

Սովետական Հայաստանի Անվտանգության Նախարար Կորխմազյանին

Գարեգին Տեր-Հարությունյանից

 Իմ գործն ուղարկվել է Մոսկվա: Ինձ համար անսպասելի էր երկու բան. նախ, որ սովետական իշխանության հետ ընդհանուր լեզու գտնելու նպատակով Սոֆիայում մնալով՝ ինձ կձերբակալեն, ապա, որ կկանգնեցնեն ինձ դատարանի առաջ:

Դատական օրենքներից զատ և դրանցից վեր կանգնած է ասպետական չգրված օրենքը, որն արհամարհելու դեպքում ի չիք է դառնում ամեն վստահություն մարդկանց և ժողովուրդների միջև:

Չի կարելի քննել իմ կատարած ասպետական քայլի էությունը, և միաժամանակ զրկել ինձ արդարությունից, քանզի նա, ով ինձ պես նման վարք է դրսևորում, ապացուցում է երկու բան.

  1. Այն, որ նմանը դադարում է իրեն համարել հակառակորդ մի իշխանության, որին նա վստահում է իր կյանքը,
  2. Այն, որ իշխանությունը, որին նա վստահում է իր կյանքը և արժանապատվությունը, չի կարող ասպետությանը չպատասխանել ասպետական քայլով:

Չեմ կարծում, թե շատ են եղել մարդիկ, ովքեր վարվել են այնպես, ինչպես ես, եթե անգամ նրանք մեկից ավելին են եղել: Եթե ես կյանքին նայեի իբրև անձնական հաճույքների միջոց, ապա կլքեի Սոֆիան: Սոֆիայից իմ չհեռանալը հաստատում է հետևյալ հոգեբանական ճշմարտությունը. հաշվի առնելով իմ հնարավորությունները՝ ես կարող էի (եթե չդադարեի համարել ինձ հակառակորդ) թույլ տալ ինձ այնպիսի թշնամական գործողություններ հակառակորդի նկատմամբ, որոնք, նա, անծանոթ իմ մտադրություններին, պիտի ակնկալեր ինձնից:

Ես չմեկնեցի արևելյան Ճակատ, թույլ չտվեցի, որ Թուրքիայի դեմ գործողությունների համար պատրաստված իմ տղաները օգտագործվեն հակասովետական ճակատում:

Իսկ մինչ այս ամենը, մինչ պատերազմը ես անարդյունք քայլեր էի ձեռնարկում կապվելու Ձեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Վերջապես ես մերժեցի ՌՀՄ[3] սպիտակ գվարդիականներին, որոնք ահաբեկիչներ էին որոնում Ձեր սպանությունն իրագործելու համար: Այս բոլոր քայլերը բացատրում և ապացուցանում են մեկը մյուսի ճշմարտացիությունը:

  1. Այն հանգամանքը, որ հայության պաշտպանության համար Բուլղարիայում մենք (ոչ միայն ես, այլև բուլղար մշակութային գործիչներ) դիմել ենք Սոֆիայում Գերմանիայի դեսպանին, ինքնին հավաստում է, թե որքան մեծ էր հայությանը սպառնացող վտանգը:

Լինելով հակահրեական հետապնդումների ականատեսը՝ ես չէի կարող անտարբեր լինել Բալկաններում հայերին սպառնացող վտանգի նկատմամբ: Գյորինգի հրահանգը 1941թ. գերմանական զորքերին «հաշվի առնել հայության թշնամանքը» բազմիցս հիշատակվում է նաև Սովետական Հայաստանի մշակութային օրգաններում («Խորհրդային գրականություն և արվեստ» ամսագիր, N5, 1945թ.):

Այս վտանգը և հայության հանդեպ կիրառվող ռասայական խտրականությունը ստիպեցին ինձ մեկնել Բեռլին և ընգրկվել այն փորձնական Կոմիտեի կազմում, որը կարճատև անարդյունք գործունեությունից հետո ինքնալուծարվեց: Իմ կապը գերմանացիների հետ ունեցել է հակաթուրքական հիմք և դա այն պարագայում, երբ սովետական-գերմանական բարեկամությունը դեռևս ուժի մեջ էր: Այս հարցում առկա է Սեմյոն Բուրևի վկայությունը, ով ինձ հետ մեկնել էր Բեռլին և մասնակից եղել մեր բանակցություններին:

  1. Զանգեզուրում իմ գործունեության վերաբերյալ (ինչի մասով ինձ բազմիցս ասվել է, որ քաղաքական վաղնջականության պատճառով դրա մասին խոսք լինել իսկ չի կարող) ես պետք է ասեմ հետևյալը. եթե չլիներ թրքական գործոնը, չէր լինի Զանգեզուրյան հակամարտությունը: Ժամանակին Սովետներն իրենց պետական շահերից ելնելով՝ Թուրքիային լուրջ աջակցություն ցուցաբերեցին: Այս պրոթրքական քաղաքականությունը չէր կարող չվրդովել ինձ պես մտածողներին: Պանթուրքիստների մութ և դավադիր մեքենայությունները Անկարա-Նախիջևան-Բաքու գծի վրա և թրքական գումարտակների Զանգեզուրում հայտնվելը չէին կարող անվստահության և կասկակածամտության մթնոլորտ չձևավորել, որը և հրահրեց հակամարտությունը:

Կարմիր Բանակի լիազոր ներկայացուցիչ Գեկերն ինձ ուղղված իր պաշտոնական նամակի հետևյալ պարբերության մեջ  մասնակիորեն պարզաբանում է կոնֆլիկտը. «Զանգեզուրում իրոք տեղի է ունեցել ամոթալի երևույթ, ինչի համար մենք մեզ չենք ողջունում»: Խոսքը գնում է թրքական գնդի մասին և այլն:

  1. Քաղաքացի՛ գեներալիսիմուս: Դուք մասնակիորեն տեղյակ եք իմ մասին շրջանառվող լուրերին: Չէի ուզի ապրել, եթե չզգայի, որ դեռ կան խնդիրներ, որոնց համար արժե ապրել: Մեռնե՞լ: Կա՞ արդյոք ավելի դյուրին բան ծեր հայրենասերի և հեղափոխականի համար, քան մահը: Արդյո՞ք Սոֆիան չլքելը չէր ապացուցում իմ արհամարհանքը դեպի մահը: Ինձ հետաքրքրում է ո՛չ մահը, ո՛չ էլ կյանքը, այլ իմ վերջին ցանկությունը` մասնակից լինել ֆեոդալական Թուրքիայի վախճանին:

Այդ պատճառով չէի ուզի, որ իմ հազարավոր հետևորդներն ու ընկերներն ասեին.
«Երջանիկ են թուրքերը, քանզի նրանց թշնամիներից մեկը սպանում է մյուսին»:

Չէի ուզի մեռնել Ձեր բանտերում:

Սփյուռքահայությունը պիտի ասի. «Բոլշևիկները սպանեցին Թուրքիայի պատմական թշնամուն»:

Իմ մահից պիտի օգտվեն Ձեր թշնամիները: Ես չհեռացա՝ վստահելով Ձեզ, և լինելով վստահ, որ իմ ասպետական քայլը արժանի կերպով կհասկացվի և կգնահատվի: Այս մասին որոշ անձինք տեղյակ են արտասահմանում:

Սփյուռքահայության հակաթրքական տարրերը (հայկական գաղութների ամենաակտիվ հատվածը) – իմ մահը պիտի համարեն Ձեր ներքին քաղաքականության արդյունք, Ձեր քաղաքական ավանսը թուրքերին:

Այժմ, երբ Սովետական միության թշնամիներն իշխում են մեծաքանակ զանգվածների, Թուրքիայի երդվյալ թշնամու զոհաբերությունը, անկախ այդ փաստի արդյունքից, չի կարող թուրքերի կողմից չդիտվել իբրև թուլության նշան:

Թու՛յլ տվեք ասել ևս մի ճշմարտություն:

Մասնակի հայրենադարձությունը չի հարթի սփյուռքահայության և սովետական իշխանությունների հարաբերությունները:

Գլխավորը ոչ թե մի քանի հազար հայերի հայրենադարձությունն է, այլ՝ սփյուռքահայության մեջ պրոսովետական տրամադրությունների ստեղծումը, և այդ վերջինի օգտագործումը ի շահ Սովետական Միության և Հայաստանի:

Չեմ կարծում, թե հնարավոր է գտնել ավելի հարմար մեկին՝ այդ գերազանցապես հայրենասիրական առաքելությունն իրագործելու նպատակով, քան ես եմ: Նաև չեմ կարծում, որ Դուք չեք գնահատի իմ նախկին փորձը, իմ հնարավորությունները և իմ գաղափարակիցների վճռականությունը Ֆեոդալական Թուրքիայի հանդեպ, որը ցուցադրաբար վերածվում է մի պլացդարմի ընդդեմ Սովետական Միության:

Քաղաքացի՛ գեներալիսիմուս,

Չլքելով Սոֆիան՝ ես դրսևորեցի բարձրագույն հայրենասիրություն և Սովետական իշխանությունների հետ հաշտվելու անկեղծ ցանկություն: Ես մնացի՝ վստահելով Ձեզ:
Ով կյանքը վստահում է իրապես վեհ մարդու, իրական մեծության, նա չի զղջում: Հավատում եմ, որ իմ ասպետականությանը կարձագանքվի ասպետաբար:

Գ. Տեր-Հարությունյան
16.10.1947թ.
10.01.1948թ.[4]
Ստորագրությունը՝ Նժդեհ

***

Այսուհետ իմացեք, պ-ն Մարկով, սարսափելին հայ ազգի մեծանուն հերոս Նժդեհի արձանի բացումը չէր բոլորովին, ինչպես Դուք եք նշում, այլ ձեր կառավարության (քանզի ինքներդ ձեզ համարում եք Սովետական Միության լիիրավ ժառանգ) անաստված, սոսկալի, տմարդի վերաբերմունքը մեր հերոսի հանդեպ բանտային տարիներին: Ծանոթացե՛ք Ձեր կառավարության գազանություններին հերթական անգամ:

Նժդեհի առողջական վիճակը բանտային տարիներին

 Նժդեհը բողոքներ էր ներկայացնում իր առողջական վիճակի վերաբերյալ՝ դժգոհելով, որ Երևան գալուց հետո էլ ավելի է վատացել իր առողջությունը, և խնդրում էր սրսկումներ նշանակել:

1952թ. մարտի 25-ի բժշկական հետաքննության ակտում գտնում ենք հետևյալ տեղեկությունները այդ ժամանակահատվածում Գարեգին Տեր-Հարությունյանի գանգատների մասին.

«Նկատվում է ընդհանուր թուլություն, մշտական գլխացավեր, հատկապես շարժումների ժամանակ, մոռացկոտություն, երբեմն աչքերի առջև սև շրջանակներ են հայտնվում, ստորին վերջույթների ցավեր, մասնավորապես ձախ ոտքի, հավասարակշռության կորուստ քայլելու ժամանակ, անկայուն քայլվածք, աղմուկ ականջներում, ձախ ականջի վատ լսողություն, ցավեր լյարդի և լեղապարկի շրջաններում, անհանգիստ քուն, առավոտյան վաղ արթնացում գլխացավերից, մշտական ցավեր սրտի և ձախ ձեռքի հատվածում, թմրության զգացողություն, փշաքաղում, դող ձախ վերջույթում: Հիվանդացել է որովայնային և բծավոր տիֆով (1914թ.), տուբերկուլյոզով (1914թ.), մալարիայով և ռևմատիզմով (1912թ.): Երկու անգամ վիրավորվել է թուրքերի դեմ մղվող մարտերում:

Տեսանելի լորձաթաղանթները թույլ արտահայտված գունազրկմամբ են, աչքի սպիտապատյանը դեղնավուն երանգավորված է, ենթամաշկային ճարպային շերտը բավական զարգացած է, մկանները՝ թորշոմած:

Վերին և ստորին վերջույթների շոշափումը ցավոտ է, նկատվում է ծնկահոդերի ճարճատյուն, ձեռքերի մատները այտուցված են հոդերի հատվածում, ծալումը` ոչ լրիվ:

Լեզուն խոնավ է, փառակալած, լնդերը՝ բորբոքված: Բացակայում են 14 ծամիչ ատամները, մնացած չորս ատամները շարժվում են, արմատները մերկացված են:

Ներքին օրգանների հետազոտության արդյունքում հայտնաբերվել է հետևյալը. թոքերի շրջանում բախման հնչյունը տուփային է, շնչառությունը թուլացած է, տեղ-տեղ լսելի են չոր խզոցներ: Սրտի սահմանները լայնացած են, սրտի ձայները` խլացած, զարկերակը` 88 զարկ/ր., զարկերակային ճնշումը 250/100[5]:

Տեսանելի անոթները սկլերիզացված են, պնդացած:

Լյարդը մեծացած է, դուրս է գալիս կողաղեղների տակից, ծայրը պնդացած է, ցավոտ: Լեղապարկի շրջանը շոշափելիս ցավոտ է: Փայծաղը չի շոշափվում: Որովայնը փափուկ է, շոշափելիս առկա են ցավեր ձախ կողմից`հաստ աղիքի ուղղությամբ:

Նեվրոլոգիական դիտարկումներ. բբերը հավասար են, նեղացած, լույսի հանդեպ արձագանքը թույլ է, նկատվում է ձախ քիթ-շրթունքային ծալքի հարթեցում, բերանի ձախ անկյունը քաշված է: Ձախ վերջույթի մկանների թեթև հիպերտոնուս: Վերին ձախ վերջույթի մկանների թույլ արտահայտված հիպերտոնուս: Ռոմբերգի դիրքում անկայուն է:

Որովայնային ռեֆլեքսները հազիվ նկատելի են, ոտքերի ջլային ռեֆլեքսները գրեթե բացակայում են:

Ամփոփում. բանտարկյալ Տեր-Հարությունյանը հիվանդ է հիպերտոնիայով, ընդհանուր աթերոսկլերոզով, միոկարդիոսկլերոզով, լյարդի և լեղապարկի քրոնիկական բորբոքումով, քրոնիկական ռևմատիզմով և քրոնիկական կոլիտով:

Օրակարգ՝ հարցաքննությունն անցկացնել օրական երեք ժամից ոչ ավել հետաքննողի կաբինետում:
Սննդակարգ՝ կաթնային, բուսական սնունդ»:

[1] Օրինակ՝ 1938թ. Նեջմեդին Էֆենդին՝ Սոֆիայում թուրքական մամուլի ներկայացուցիչը,  Բուլղարիայում թուրքական հետախուզության պետը ստամբուլյան «Ջումհուրիետ» թերթում հոդված էր հրատարակել Նժդեհի դեմ. «Օձը գործում է»: «Այդ հոդվածում,- գրում է Նժդեհը,- Նեջմեդինը գրում է, որ Սոֆիայում գտնվող իմ բնակարանը շարունակում է հանդիսանալ պայքարի շտաբ Թուրքիայի դեմ , որ ես իմ շուրջն եմ ժողովել Թուրքիայի հանդեպ ատելությամբ լցված հայերի և ձգտում եմ ուժով հասնել Թուրքիայի տարածքային անդմահատությանը:«Ջումհուրիեթ»-ին ձայնակցում են մյուս թերթերը առաջարկելով Թուրքական կառավարությանը խիստ միջոցներ ձեռնարկել իմ դեմ»:

[2] Նժդեհի քառահատոր գործի մեջ, ՀՀ ՊԱԿ արխիվում, այս փաստղաթուղթը բացակայում է, այն վերցվել է «Զուբր» վեցհատորյա օպերատիվ գործից, որի ճակատագիրն ու գտնվելու վայրն այժմ անհայտ են: Չեկիստները Նժդեհին կոչել էին «Զուբր»: «Դա վկայում է այն բանի մասին, որ օպերատիվ աշխատակիցներն իսկ քաջ գիտակցում էին Նժդեհի անձի և հայրենասիրության մեծություն: Դա այն դեպքում, երբ այլ ականավոր գործիչներ «կնքվել» էին մեղմ ասած ոչ նման բարձրահնչեղ մականուններով»- գրում է Վաչե Հովսեփյանը:

[3] Ռուսաստանի Համառազմական Միություն (РОВС — Российский Общевойсковой Союз):

[4] Բնագրում երկու ամսաթիվ է նշված:

[5] Բացի արյան ճնշումից, Նժդեհը տառապում էր նաև արթրիտով: Նույնիսկ ամռան տաք օրերին ծնկներից ներքև ընկած հատվածը երբեմն անզգայանում էր:

[6] Նժդեհի քառահատոր գործի մեջ, ՀՀ ՊԱԿ արխիվում, այս փաստղաթուղթը բացակայում է, այն վերցվել է «Զուբր» վեցհատորյա օպերատիվ գործից, որի ճակատագիրն ու գտնվելու վայրն այժմ անհայտ են: Չեկիստները Նժդեհին կոչել էին «Զուբր»: «Դա վկայում է այն բանի մասին, որ օպերատիվ աշխատակիցներն իսկ քաջ գիտակցում էին Նժդեհի անձի և հայրենասիրության մեծություն: Դա այն դեպքում, երբ այլ ականավոր գործիչներ «կնքվել» էին մեղմ ասած ոչ նման բարձրահնչեղ մականուններով»- գրում է Վաչե Հովսեփյանը:

***

Վերջաբան

Հայ ազգի անունից վստահեցնում եմ բոլորիդ՝ Հայաստանի փրկիչ և մարգարե Գարեգին Նժդեհ Տեր-Հարությունյանի արձանի ապամոնտաժումը տեղի չի ունենա ո՛չ «հնարավորինս շուտ», ո՛չ էլ  երբևէ:
Հայաստանը ձեր Դաշնության մաս չէ՛: Բարի եղեք չափավորել Ձեր իմպերիալիստական ախորժակն ու ամբիցիաները:

Հոդվածում տեղ են գտել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Գարեգին Նժդեհի հայտարարությունը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Պրեզիդիումի
    նախագահին՝ քաղաքացի Կ. Ե. Վորոշիլովին (26.02.1954 թ.)
  1. Գարեգին Նժդեհի նամակը ԽՍՀՄ նախարարների Խորհրդի Նախագահ Ստալինին[6]

(10.01.1948թ.)

  1. Փաստաթուղթ բանտային տարիներին Նժդեհի առողջական վիճակի մասին

Փաստաթղթերի աղբյուր՝ Վաչե Հովսեփյան՝ «Նժդեհը և ՊԱԿ-ը, հետախույզի հիշողությունները» («Нжде и КГБ, Воспоминания разведчика») գրքից:

Անահիտ Հարությունյանը

 

Ոմանց համար «ռազմական հանցագործ», մեզ համար՝ Հայաստանի փրկիչ: «Ով Թուրքիայի հետ է` իմ ազգի և իր պատմական տարածքների իրավունքի թշնամին է: Թշնամի, որի հետ Աստվածն իսկ չի կարող ինձ հաշտեցնել: Այս է իմ քաղաքական վարվելակերպի սահմանումը»: Գարեգին Նժդեհ: 10 комментариев

  1. Уведомление: Ոմանց համար «ռազմական հանցագործ», մեզ համար՝ Հայաստանի փրկիչ - 4News
  2. Уведомление: Ոմանց համար «ռազմական հանցագործ», մեզ համար՝ Հայաստանի փրկիչ - 4News
  3. Այո բայց տականք մարկովը կկարդա ՞ սա։
    Հերթական ձայն բարբառո հանապատի…
    Այլ լծակներ են պետք։Ճշմարտությունն արդեն վաղուց լծակ չէ,ցավոք։

    Нравится

  4. ДЛЯ КОГО-ТО — «ВОЕННЫЙ ПРЕСТУПНИК», ДЛЯ НАС –СПАСИТЕЛЬ АРМЕНИИ.
    «КТО С ТУРЦИЕЙ, ТОТ – ВРАГ МОЕГО НАРОДА И ЕГО ПРАВА НА СВОЮ ИСТОРИЧЕСКУЮ ТЕРРИТОРИЮ. ВРАГ, С КОТОРЫМ И БОГ НЕ СМОЖЕТ МЕНЯ ПРИМИРИТЬ! ЭТО- ГРАНИЦА МОЕГО ПОЛИТИЧЕСКОГО
    ПОВЕДЕНИЯ!».
    ГАРЕГИН НЖДЕ

    Ոմանց համար «ռազմական հանցագործ», մեզ համար՝ Հայաստանի փրկիչ:
    «Ով Թուրքիայի հետ է` իմ ազգի և իր պատմական տարածքների իրավունքի թշնամին է: Թշնամի, որի հետ Աստվածն իսկ չի կարող ինձ հաշտեցնել: Այս է իմ քաղաքական վարվելակերպի սահմանումը»:
    Գարեգին Նժդեհ

    Нравится

Оставьте комментарий